Արհեստական բանականությունից մինչև Plug and Play. ԱՏՁՄ-ն տոնում է 25-ամյակը
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը փետրվարի 11-ին մասնակցել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 25-րդ տարեկան համաժողովին:
Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից։
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ ԱՏՁՄ-ի 25-ամյակը խորհրդանշում է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի կայացման ու հասունացման ճանապարհը:
Նրա խոսքով՝ եթե 25 տարի առաջ ոլորտը ձևավորման սկզբնական փուլում էր, ապա այսօր Հայաստանն ունի հարյուրավոր տեխնոլոգիական ընկերություններ, հազարավոր որակյալ ինժեներներ և միջազգային շուկայում մրցունակ արտադրանք։
Սիմոնյանը շեշտել է, որ Հայաստանը թևակոխում է տեխնոլոգիական զարգացման նոր փուլ՝ վերջին տարիների հաջողությունների շարքում առանձնացնելով մասնավոր հատվածի հետ ակտիվ գործակցությամբ ընդունված նոր օրենսդրական կարգավորումները և միջազգային հեղինակավոր աքսելերատորների, մասնավորապես, Plug and Play-ի մուտքը հայաստանյան շուկա։
Փոխնախարարը շեշտել է, որ պիլոտային ծրագրից անցում կատարելով երկարաժամկետ համագործակցության՝ Երևանում արդեն գործում է Plug and Play-ի ներկայացուցչությունը, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում ստարտափ էկոհամակարգի զարգացման համար։
Նախարարի տեղակալը նաև ընդգծել է, որ օգոստոսի 8-ին ստորագրված արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում համագործակցության վերաբերյալ հուշագիրը, ինչպես նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցը նոր հեռանկարներ են բացել երկրի տեխնոլոգիական զարգացման համար։
Նրա գնահատմամբ՝ ձևավորվել է փոխադարձ վստահության միջավայր, որի շնորհիվ Հայաստանը միջազգային տեխնոլոգիական հարթակում դիտարկվում է որպես վստահելի և լիարժեք գործընկեր։
Սիմոնյանի խոսքով՝ արհեստական բանականության արագ զարգացող իրականությունում մրցակցությունը վաղուց դուրս է եկել տարածաշրջանային սահմաններից և դարձել գլոբալ։
Այս պայմաններում նա հաջողության հիմք է համարել որակյալ աշխատանքը, համագործակցությունը և հասարակության հանդեպ պատասխանատվությունն են։
Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ԱՏՁՄ հիմնադիրներին և անդամներին 25 տարվա հետևողական աշխատանքի համար՝ կարևորելով առաջիկայում ավելի հավակնոտ նպատակներ ձևակերպելու և համատեղ գլոբալ նախաձեռնություններ իրականացնելու անհրաժեշտությունը։