Հայկական CodeFights start-up-ը 10 մլն դոլարի ներդրում է ներգրավել
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական CodeFights start-up-ը նախօրեին հայտնել է, որ զարգացման համար 10 մլն դոլարի ներդրումներ է ներգրավել:
Codefights հարթակն օգնում է իր օգտատերերին դառնալ լավագույն կոդավորողները` հղկելով նրանց հմտությունները ընկերների և գործընկեր-մշակողների հետ խաղալու ձևով:
TechCrunch ռեսուրսին տված հարցազրույցում CodeFights-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Տիգրան Սլոյանը հայտնել է, որ նախորդ տարվա ապրիլին ստացված 2,4 մլն դոլարի ներդումներից հետո հարթակի օգտատերերի թիվն աճել է 10 անգամ:
Նրա խոսքով, CodeFights-ն օգտագործում է այդ ներդրումները` ինժեներական, օպերացիոն ոլորտներում, ինչպես նար վաճառքի բաժնում իր թիմն ընդլայնելու համար:
Նա նաև նշեց, որ ընկերությունն աշխատում է նոր կրթական գործիքների ներդրման ուղղությամբ (այդ թվում, տարբեր լեզուներով), որպեսզի սկսնակ և փորձառու մշակողներին նոր հնարքներ ուսուցանի:
Ներդրման A ռաունդը ղեկավարում էր e.ventures վենչուրային հիմնադրամը: Ռաունդին մասնակցում էին նաև SV Angel, Felicis Ventures, A Capital և Granatus Ventures հիմնադրամները:
Codefights-ն իրենից ներկայացնում է խաղային հարթակ, որտեղ գրանցումից հետո յուրաքանչյուր ծրագրավորող կարող է սկսել «խաղալ» համակարգի մյուս մասնակիցների կամ ընկերության կողմից ստեղծված բոտերի հետ: «Խաղի» արդյունքում առաջանում են առաջատարներ, որոնք ստանում են միավորներ, որոնք թույլ են տալիս հասկանալ «խաղացողի» հմտությունների զարգացման աստիճանը: Ընկերությունները կարող են անվճար օգտագործել հարթակն այնքան ժամանակ, մինչև այդ հարթակից ծրագրավորողի աշխատանքի ընդունելը: Այդ դեպքում, CodeFights-ը ստանում է նոր աշխատակցի տարեկան աշխատավարձի 15 տոկոսը: -0-