Հայ մշակողները վերջին տարվա ընթացքում շուրջ 1 հազար բջջային հավելված են ներկայացրել. Microsoft
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ մշակողները վերջին տարվա ընթացքում շուրջ 1 հազար բջջային հավելված են ներկայացրել, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը։
Ըստ նրա` վերջին տարվա ընթացքում շուրջ 200 բջջային հավելված է մշակվել Microsoft նորարարական կենտրոնի շրջանավարտների կողմից, բացի այդ Հայաստանում առկա են mLab լաբորատորիայի և այլ կառուցվածքների մասնագետների մշակումները։
Խոսելով բջջային հավելվածների խանութներում մշակումների ներկայացման մասին` Բարսեղյանն ասաց, որ Windows Market Place–ում դրանք դեռ ընդամենը մի քանի տասնյակ են, սակայն աճի միտումներ կան, քանի որ Windows Phone–ի համար ստեղծված բոլոր հավելվածները հեշտությամբ փոխակերպվում են Windows Tablet–ում և համակարգիչներում։
«Ամենաճանաչված հայկական հավելվածներից մեկը Shelly խաղն է (որը ստեղծվել է Windows Phone 7.5 և Windows 8 համար և տարիքային սահմանափակում չունի. «ԱՌԿԱ»), որն արդեն ներբեռնել է ավելի քան 100 հազար օգտատեր»,– ասաց նա։
Ներկայացուցչության ղեկավարը նշեց, որ մշակողների համար շատ շահավետ է դարձել իրենց մշակումների հրապարակումը Windows Market Place–ում, քանի որ բոլոր հավելվածներն անմիջապես վիզուալացվում են և շատ ներբեռնումներ են գրանցում։ Բացի այդ, Microsoft–ն գնի առումով առավել շահավետ է դարձրել հավելվածը մշակողների համար, քան Google Play–ը։
Առավել ճանաչված հայկական հավելվածների շրջանում Բարսեղյանը նշեց արժույթների փոխարժեքները, եղանակի տեսությունը, կրթական նախագծերը։
«Այժմ մի քանի թիմ է զբաղվում Հայաստանում նավիգացիաների հավելվածների մշակման հարցերով, և այստեղ գլխավոր հարցը, որի շուրջ աշխատանքներն են իրականացվում, քարտեզի որակն է»,– ասաց Microsoft–ի ներկայացուցիչը։
Microsoft կորպորացիան համագործակցում է Հայաստանի հետ 2007 թվականի հունվարի 30-ին Էդինբուրգում (Շոտլանդիա) ստորագրած համաձայնագրի շրջանակներում, որին համապատասխան Microsoft-ը Հայաստանում իրականացնում է մի շարք ներդրումային, կրթական և նորարարական ծրագրեր, որոնց թվում են նաև Հայաստանում Microsoft նորարարական կենտրոնի բացումը: -0— -