USD
384.03
EUR
443.29
RUB
4.795
GEL
142.29
2025 թ. օգոստոսի 8, ուրբաթ
եղանակը
Երևանում
+33

ԻՆՏԵՐՆԵՏ-ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱԺԱՆՈՐԴԱՅԻՆ ԲԱԶԱՅԻ ՄԵԾԱՑՈՒՄ. «ԱՐՄԵՆՏԵԼԻ» 2011Թ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

25.10.2010, 19:22
Ինտերնետ-հասանելիություն և բաժանորդային բազայի մեծացում. սրանք են 2011 թ.-ին «ԱրմենՏել» ընկերության զարգացման հեռանկարները, նման կարծիք ունի «ՎիմպելԿոմ» ԲԲԸ-ի ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Դմիտրի Կրոմսկին:
ԻՆՏԵՐՆԵՏ-ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱԺԱՆՈՐԴԱՅԻՆ ԲԱԶԱՅԻ ՄԵԾԱՑՈՒՄ. «ԱՐՄԵՆՏԵԼԻ» 2011Թ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ինտերնետ-հասանելիություն և բաժանորդային բազայի մեծացում. սրանք են 2011 թ.-ին «ԱրմենՏել» ընկերության զարգացման հեռանկարները, նման կարծիք ունի «ՎիմպելԿոմ» ԲԲԸ-ի ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Դմիտրի Կրոմսկին, ով Հայաստան կատարած կարճատև այցի ընթացքում բիզնես-լանչի շրջանակներում հանդիպել է լրագրողների հետ:

Հանդիպման ընթացքում Կրոմսկին «ՎիմպելԿոմի» հայկական «դուստր» «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի հետ միասին ներկայացրել է ընկերության և հեռահաղորդակցության հայկական շուկայի զարգացման միտումների իր տեսլականը:

Բաժանորդային բազա

Ինչպես նշում է Կրոմսկին, որոշ ժամանակ բաժանորդային բազայի ակտիվության անկում նկատվեց, իսկ վերջին մի քանի ամսվա ընթացքում նկատվեց սահուն, բայց աճ, ու դրա ավելացումը ռազմավարության առաջնահերթություններից մեկն է:

Նրա խոսքերով՝ հաշվի առնելով բջջային կապի 90 տոկոսանոց ներթափանցվածությունը՝ Հայաստնաում աճի ներուժ կա և, առաջին հերթին, մարզերում, այդ պատճառով ընկերությունն ակնկալում է, որ հաջորդ տարին բավականին լուրջ կլինի աճի տեսանկյունից:

«Հայաստանն առանցքային շուկաներից մեկն է, և մենք նրան մեծ ուշադրություն կդարձնենք», - ասել է Կրոմսկին:
 
Կլիմկոյի խոսքերով՝ շուկայում շատ բան կախված է բաժանորդային բազայի հաշվառման մեթոդից,  և հնարավոր է, որ այդ ցուցանիշով ընկերության աճը, մրցակիցների համեմատ, այդքան էլ տպավորիչ չէ, սակայն «ԱրմենՏելի» հասույթի մասնաբաժնի աճը (երկրորդ եռամսյակի արդյունքում բջջային հատվածում 16 տոկոսանոց աճ) բավականին տպավորիչ է:

Ինտերնետի հեռանկարները

Ինչպես կարծում է Կրոմսկին, ձայնային ծառայությունների աճը վաղ թե ուշ կդադարի և նրա զգալի մասը տեղափոխվի ինտերնետի հատված: 120 տոկոսանոց ներթափանցման դեպքում արդեն ակնհայտ է դառնում ձայնային ծառայություններից ստացված հասույթի զգալի դանդաղումն ու լրացուցիչ ծառայությունների աճը: Այդ պատճառով, նրա խոսքերով, ընկերությունն արդեն հիմա ձայնային և հիմնական, բազային ծառայությունների լավ առաջարկներ է անում՝ մեծ ուշադրություն դարձնելով լայնաշերտ ինտերնետի աճին:

«Հաշվի առնելով ինտերնետի, այդ թվում նաև լայնաշերտ ինտերնետի ներթափանցվածության ցածր մակարդակը՝ մեր ներկայության գրեթե բոլոր երկրներում մենք հենց վերջինիս մեջ ենք տեսնում աճի ներուժը», - ասել է Կրոմսկին:

Նրա խոսքերով՝ մայրաքաղաքում ինտերնետի ներթափանցումը կազմում է շուրջ 40-60 տոկոս, այն դեպքում, երբ մարզերում այդ ցուցանիշը 5-7 տոկոս է:

«Շուկան ընթանալու է ինտերնետի զարգացման ուղղությամբ: Հինգ տարի անց առկա կլինի ինչպես ամրակցված, այնպես էլ բջջային ինտերնետի բավականին բարձր ներթափանցվածություն, և մենք այդ տեխնոլոգիաների հիման վրա կշարունակենք ծառայություններ մատուցել», - ասել է Կրոմսկին:

Ինչպես նշել է Կլիմկոն, ընկերության՝ ADSL-ի վրա հիմնված տեխնիկական ցանցն այսօր ապահովում է վայրկյանում 2 մեգաբիթ արագություն, միաժամանակ արագության՝ վայրկյանում մինչև 14 մեգաբիթ աճի հնարավորություն կա:

Նա նշել է, որ  ընկերությունը ինտերնետ ծառայությունների բավականին լայն շրջանակ է մատուցում՝ սկսած վայրկյանում 2 մեգաբիթից մինչև սոցիալական սակագներ, որոնք սկսվում են 256 կիլոբայթից և արժեն 2,5 հազար դրամ:

Սակագներ

Կրոմսկու խոսքերով՝ գները թելադրվում են շուկայի և մրցակցային իրավիճակի կողմից: Ընկերության քաղաքականությունն է լինել գրավիչ և մրցունակ, այդ պատճառով ամեն երկրում, կախված մրցակցային իրավիճակից, գոյություն ունի իր սակագինը:

«Հայաստանում ինտերնետի գները հարկավոր է դիտարկել ընդհանուրի մեջ, քանի որ էժանը միշտ չէ, որ լավն է: Հաշվի առնելով գին-որակ հարաբերակցությունը՝ կարծում եմ, որ Հայաստանում ինտերնետի բարձր որակի պարագայում գներն այնքան էլ բարձր չեն», - ասել է Կրոմսկին:

Ինչ վերաբերում է բջջային կապին, ապա, նրա խոսքերով, բոլոր օպերատորների սակագները մոտավորապես նույն մակարդակի վրա են, ինչի կապակցությամբ առաջին պլան են դուրս գալիս սպասարկման որակը, լրացուցիչ ծառայությունները:

Կլիմկոյի կարծիքով՝ Հայաստանում բջջային ինտերնետի տեսակետից գները հիմա բավականին հավասար են, իսկ ինչ վերաբերում է ամրակցված ինտերնետին, ապա «այստեղ «ԱրմենՏելը» բացարձակ առաջատարն է»:

Ինչպես կարծում է ընկերության ղեկավարը, Հայաստան երրորդ օպերատորի՝ «Orange» ընկերության մուտքը բավականին դրական ազդեց երկրի հեռահաղորդակցական շուկայի զարգացման վրա և ընկերության բաժանորդներին հնարավորություն տվեց համեմատել «ԱրմենՏելի» և այլ օպերատորների կողմից մատուցվող կապի որակը և տարբեր ծառայությունների հասանելիությունը:

«Որակի համար մղվող պայքարում Beeline-ը այսօրվա դրությամբ բավականին բարձր դիրք է զբաղեցնում: Կարծում եմ, որ այն որակը, որն այսօր ապահովում է ընկերությունը ինչպես կապի, այնպես էլ սպասարկման տեսակետից, համապատասխանում է նորմալ եվրոպական չափորոշիչներին», - ասել է Կլիմկոն:

Միջազգային ուղիներ

Ինչպես նշել է Կլիմկոն, վերջին տարվա ընթացքում բավականին ֆինանսներ են ներդրվել տրամադրվող ինտերնետի որակի ուղղությամբ, ինչի շնորհիվ ընկերությունն այժմ երկրի միակ, բացառիկ օպերատորն է, որը Հայաստանից դուրս եկող հինգ ելքերի սեփականատերն է:

«Այդ պատճառով եթե մենք խոսում ենք ծառայությունների որակի մասին, ապա Հայաստանում Beeline ընկերության կողմից տրամադրվող ինտերնետն այսօրվա դրությամբ ամենաորակյալն ու երաշխավորվածն է, ընդ որում ինտերնետի գինը, հաշվի առնելով ֆինանսական ծախսերն ու բնակչության թիվը, առավել գրավիչ է գին-որակ հարաբերակցության տեսակետից», - ասել է Կլիմկոն:

Բացի այդ, այս տարի «ԱրմենՏելը»  ավարտում է Երևան-Մեղրի-Կապան հարավային ուղղությամբ օպտիկամանրաթելային մալուխի շինարարությունը, որն արդեն դեկտեբերին վերջնականապես կհանձնվի շահագործման, և երկիրը կունենա արտաքին աշխարհ տանող ևս մեկ անկախ ելք:

Ռոումինգ

Ինչպես նշել է Կրոմսկին, ընկերությունը իջեցրել է բոլոր երկրներում ռոումինգի սակագները, ինչը թելադրված էր ինչպես շուկայի, այնպես էլ հակամենաշնորհային մարմինների հետաքրքրությամբ: Սակայն, նրա խոսքերով, անհնար է անվերջ իջեցնել ռոումինգի սակագները, քանի որ օպերատորների միջև պայմանագրային հարաբերություններ, որոշակի փոխհաշվարկներ կան:

Ինչ վերաբերում է միջազգային կապին, ապա, ինչպես նշել է ընկերության փոխնախագահը, ամեն տարի բաժանորդների համար գները նվազում են, և հայտնվում են գրավիչ ծառայություններ, օրինակ «Beeline աշխարհը», որտեղ հնարավորություն է ընձեռվում ընկերության ներկայության երկրներում Beeline-ից Beeline զանգահարել շահավետ սակագներով:

Միաժամանակ Կլիմկոն նշել է, որ Հայաստանում գոյություն չունի ազգային ռոումինգ, ինչպես Ռուսաստանում է, այդ պատճառով հիմնական ռոումինգ-համաձայնագրերը կնքվել են արտերկրյա գործընկերների հետ, և միջազգային ռոումինգի սակագների նվազման վերաբերյալ զուտ հակամենաշնորհային մարմնի  ցանկությունը բավարար չի լինի, քանի որ ընկերությունը պատասխանատվություն է կրում կնքված պայմանագրերի շրջանակներում:

«Մյուս կողմից, մենք դեռ ամռանը փորձնական ծրագիր իրականացրեցինք՝ «Beeline աշխարհ» նախագծի շրջանակներում՝ սակագնային պլան գործարկելով Վրաստանի համար, որը մեր բաժանորդներին սակագնային նոր տարբերակներ է առաջարկում», - ասել է Կլիմկոն:-0-